ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բերձորցի պատանի նկարիչների երևանյան ցուցահանդեսը

Բերձորցի պատանի նկարիչների երևանյան ցուցահանդեսը
19.06.2015 | 09:59

Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում օրերս բացվեց Արցախի Բերձոր քաղաքի արվեստի դպրոցի սաների նկարների ցուցահանդեսը: «Գույների մեր աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեց 7-16 տարեկան մոտ 20 աշակերտների ավելի քան 50 աշխատանք` պլաստիլինից պատրաստված գործեր, ասեղնագործություն թղթի վրա, գրաֆիկա, գեղանկար, բատիկ և այլն:
Բերձորի արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ուսուցիչ ՏԱԹԵՎ ԲԱԲԱՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացել են լավագույն աշխատանքներով. «Երեխաների գույների աշխարհը շատ վառ է ու բազմերանգ, ամեն մեկն ունի գույների իր աշխարհը: Խմբակում նրանք սովորում են նկարել ամեն ինչ, բայց առավել սիրով բնություն են նկարում: Երևի ամեն օր դա են տեսնում»: Երևանյան ցուցահանդեսից հետո բերձորցի պատանի նկարիչները հանձնարարություն են ստացել իրենց տպավորություններն արտահայտելու կերպարվեստի միջոցով: Թե ինչ աշխատանքներ կծնվեն, պարզ կլինի մոտ ապագայում:
Բերձորի արվեստի դպրոցի նկարչական խմբակի սաներից շատերն արդեն ուսանում են գեղարվեստի ակադեմիայում, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ճարտարագիտական համալսարանում:
Տաթև Բաբայանը շնորհակալություն հայտնեց «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր-տնօրեն Զարուհի Մուրադյանին` երեխաներին աջակցելու, ցուցահանդեսը կազմակերպելու համար: Սա երեխաների երևանյան երկրորդ ցուցադրությունն է։ Առաջինը գեղարվեստի ակադեմիայում է եղել` դարձյալ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի աջակցությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ